Թբիլիսիում բողոքի ցույցերն ավարտվել են

93

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույցը ավարտվել է։ Տեղեկությունը փոխանցում է վրացական «Առաջին ալիք» հեռուստաընկերությունը:

Հաղորդվում է, որ մետրոյի «Ռուսթավելի» կայարանի շրջակայքում ոստիկանները ձերբակալել են մի քանի ցուցարարների։ Իրավապահները բացել են երթևեկելի հատվածը և ավտոմոբիլային երթևեկությունը մասամբ վերականգնվել է։

Նշվում է, որ գիշերը Ռուսթավելի պողոտայում հատուկ նշանակության ջոկատայինները սկսել էին ցրել հանրահավաքի մասնակիցներին։

«Հատուկ նշանակության ջոկատայինները ճեղքել են ցուցարարների կողմից արհեստականորեն կանգնեցված բարիկադները և կրկին ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ կիրառել ցույցի մասնակիցների դեմ։ Ցուցարարները նաև ոստիկանական մեքենա են այրել»,-փոխանցում է «Առաջին ալիքը»:

Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ցույցեր էին բռնկվել խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի պատճառով: Վիճաբանություններ ու ծեծկռտուք էր տեղի ունեցել նաև պատգամավորների միջև :