Բողոքի ցույցերի պատճառով Իսրայելի վարչապետը չի կարողացել մեկնել Իտալիա

82

Այսօր առավոտյան Իսրայելում ցուցարարներն արգելափակել են երթևեկությունը դեպի Բեն-Գուրիոն օդանավակայանի մեկնումների տարածք՝ որպես համազգային բողոքի ակցիաների մի մաս, որոնք իրականացվում են ամբողջ երկրում ընդդեմ դատական բարեփոխումների:

Բողոքի ցույցերի պատճառով հետաձգվել է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցն Իտալիա:

Նախատեսվում էր, որ Նեթանյահուն Իսրայելի ժամանակով ժամը 13:00-ին կհանդիպի ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին, իսկ ժամը 14:00-ին՝ կմեկնի Իտալիա:

Նշվում է նաև, որ Օսթինի հետ հանդիպումը կայանալու է Իսրայելի օդատիեզերական արդյունաբերության կենտրոնակայանում՝ օդանավակայանի հարևանությամբ, քանի որ բողոքի ցույցերի պատճառով հնարավոր չէ տեղափոխվել Երուսաղեմ կամ պաշպանության նախարարության շենք:

Իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ ոստիկանությունը դեպքի վայրում փորձում է բացել խցանումը՝ սկսելով տուգանքներ կիրառել: Ձերբակալվել է 13 ցուցարար: