Իրանցի պաշտոնյայի խիստ նախազգուշացումն Ադրբեջանին. «Տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անթույլատրելի է»

245

Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ ցանկանում են փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, իսկ Իրանը բազմիցս զգուշացրել է, որ տարածաշրջանի երկրների աշխարհագրական սահմանների փոփոխությունը չափազանց վտանագավոր է: Այս մասին, ինչպես փոխանցում է «qafqaz» լրատվամիջոցը, հայտարարել է Իրանի խորհդարանում ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին:

Իրանցի պաշտոնյան շարունակել է՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահը մտադիր է խաթարել տարածաշրջանի աշխարհագրական հավասարակշռությունը: Այս համատեքստում Մալեքին հիշեցրել է Ալիևի խոսքերը՝ թե Հայաստանն ուզի, թե՝ ոչ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է:

Մալեքին անդրադարձել է նաև Արցախում ադրբեջանական կողմի վերջին սադրանքին՝ նշելով, որ Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի հետևում Միացյալ Նահանգներն ու «սիոնիստական ռեժիմն» են կանգնած:

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Բաքվի իշխանությունները պետք է զգույշ լինեն և թույլ չտան, որ օտար երկրները որևէ գործողություն ձեռնարկեն տարածաշրջանում և խաթարեն տարածաշրջանի կարգը։

Մալեքին կոչ է արել Ադրբեջանին հավատարիմ մնալ 2020թ. հրադադարի եռակողմ համաձայնությանը և դրան հակասող գործողություններ չձեռնարկել: