Հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին բացելու պայմանավորվածություն կա. Ռուբինյան

75

Կա պայմանավորվածություն, որ հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին պետք է բացվի երրորդ երկրներ քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարա անցակետի կահավորելու, վերազինելու համար, ինչը ենթադրում է նաև ենթակառուցվածքների ստեղծում։ Այսինքնաշխատանքներ են տարվում, որպեսզի ամռան սկզբին պատրաստ լինենք պայմանավորվածությունները մեր կողմից կատարելու համար»,–ասաց նա։ Ռուբինյանի խոսքով թուրքական կողմը նույնպես պատրաստվում է դրան։ Համենայն դեպս, չի հնչել պնդում, որ պայմանավորվածությունն ուժի մեջ չէ։

Նա հավելեց, որ այս պահին հատուկ ներկայացուցիչների հանդիպում նախատեսված չէ։
Խոսելով Անի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքից` Ռուբինյանը նշեց, որ այդ առումով դեռ որևէ գործնական շարժ չկա։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի ցամաքային անցակետը 30 տարվա մեջ առաջին անգամ գործարկվել է փետրվարին, երբ Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարներ ուղարկեց երկրաշարժից տուժած Թուրքիային։

Ավելի վաղ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը պայմանավորվել էին հնարավորինս շուտ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ 2022 թվականի փետրվարից վերսկսվել են երկրների միջև ուղիղ չվերթները, իսկ այս տարվանից՝ օդային բեռնափոխադրումները։