Իդլիբում իրականացված ավիահարվածների հետևանքով 33 թուրք զինվոր է սպանվել

2383

Սիրիայի Իդլիբ նահանգում Թուրքիայի բանակը նոր կորուստներ ունի։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Սիրիայի կառավարական ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 33 թուրք զինվոր, վիրավորվել 32-ը։ Լուրը հաստատվել է նաև Հաթայ նահանգի ղեկավարի կողմից։

Ըստ ռուսական մամուլում առկա որոշ հրապարակումների՝ թուրք զինվորները սպանվել են ռուսական ավիացիայի հարվածների հետևանքով։ Սակայն թուրքական իշխանամետ մամուլում նշվում է, որ հարձակումը իրականացրել են Սիրիայի կառավարական ուժերը։

Հայտնի է նաև, որ տեղի ունեցածից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հրատապ է հրավիրել, որին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Ժողովը տևել է 6 ժամ։ Որոշում է կայացվել դիմել պատասխան գործողությունների։ Ըստ թուրքական կայքերի պնդման՝ պատասխան գործողությունների ժամանակ սպանվել է Սիրիայի կառավարական ուժերի 709 զինվոր։ Ոչնչացվել է նաև մեծ քանակով զինտեխնիկա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի քանի անգամ նույնպես տեղի էին ունեցել թուրք-սիրիական բախումներ, որոնց ժամանակ սպանվել էր 21 թուրք զինվոր։ Նշենք, որ Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացումը մեծապես անհանգստացրել է Թուրքիային։ Վերջին 3 շաբաթվա ընթացքում Սիրիայի կառավարական բանակի հրետակոծության հետևանքով թուրքական բանակի 13 զինծառայող է սպանվել:


Ավելի վաղ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ եթե Սիրիայի կառավարական ուժերը մինչև փետրվարի վերջ ետ չքաշվեն Իդլիբում գտնվող թուրքական դիտակետերի մերձակա տարածքներից, ապա Թուրքիան լայնամասշտաբ ռազմական գործողություններ կսկսի Բաշար Ասադի ուժերի դեմ։