Իդլիբի դեպքերից հետո Թուրքիայում սոցցանցերը սահմանափակումներով են աշխատում

1355

Փետրվարի 27-ի երեկոյան Սիրիայի Իդլիբ նահանգում 33 թուրք զինվորականների սպանվելու լուրերից հետո Թուրքիայում մի շարք սոցցանցեր սահմանափակումներով են աշխատում:

Ըստ թուրքական աղբյուրի՝ Facebook, Twitter, Youtube և այլ սոցիալական հարթակների աշխատանքում սահմանափակումները մտցվել են «Իդլիբի զարգացումների թեմայով ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով»:

Աշխարհի տարբեր երկրներում ինտերնետի աշխատանքը վերահսկող Netblocks.org կայքի տվյալներով գիշերը թուրքական կապի մատակարար ընկերություններից մեկը ամբողջովին սահմանափակել էր մուտքը «Twitter»-ը:  

Մյուս կողմից էլ հայտարարություն է տարածել Թուրքիայի Ռադիոյի ու հեռուստատեսության  բարձրագույն խորհուրդի նախագահ Էբուբեքիր Շահինը՝ տեղեկացնելով, որ իրենք օրենքով իրենց տրված իրավասությունների շրջանակում ուշադիր հետևում են բոլոր հրապարակումներին: Շահինը նշել է, որ սա ազգային հարց է և բոլոր օգտատերերին ու հեռարձակողներին կոչ է արել Իդլիբի վերջին զարգացումների մասին հրապարակումներ անելիս պատասխանատվությամբ մոտենալ հարցին:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով մահացել է 33 թուրք զինծառայող, վիրավորվել՝ 32-ը: