Իսրայելի ԶՈՒ-ն սպանել է «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդներից մեկին

74

Երեկ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հայտարարել է, որ Գազայի հատվածում իսրայելական զինված ուժերի կողմից իրականացված ավիահարվածի արդյունքում սպանվել է խմբավորման անդամներից մեկը: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն:

«Ալի Ղալին… հրթիռ արձակող ստորաբաժանման հրամանատարը… սպանվել է Գազայի հատվածի հարավում՝ այլ նահատակների հետ միասին», — նշվել է խմբավորման տարածած հայտարարության մեջ:

Իսրայելական բանակը հաստատել է, որ հարվածի ժամանակ թիրախավորել է Ալի Ղալիին։

Իր հերթին Aljazeera-ն գրում է, որ Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Գազայի հատվածին: Հրթիռակոծությունների հետևանքով սպանվել է 27 մարդ՝ այդ թվում 5 կին և 5 երեխա: Սպանվածների շարքում են նաև պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման այլ առաջնորդներ:

Հաղորդվել է նաև, որ Գազայից ավելի քան 400 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, որոնց մեծամասնությունը խոցվել է Իսրայելի հակաօդային պաշտպանության կողմից:

Նշենք, որ սպանված առաջնորդ Ալի Հասան Ղալին հայտնի էր նաև Աբու Մուհամմադ անվամբ: