Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակից վիրավորված հայ զինծառայողը մահացել է

220

Սոթքի հատվածում մայիսի 17-ին հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը մինչև հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ըստ աղբյուրի՝ վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 17-ին ժամը 16:15-ի սահմաններում կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող:

Ինչպես տեղեկացրել էր Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն այնուհետև կրակ են բացել նաև վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորվել է նաեւ բուժակը: