Իսրայելի նախագահը կմեկնի Բաքու

64

Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգն Ադրբեջանի նախագահի հրավերով վաղը երկօրյա պաշտոնական այց է կատարելու Բաքու: Այս մասին գրում են իսրայելական ԶԼՄ-ները:

Նախատեսվում է, որ երկօրյա այցի ընթացքում Հերցոգը հանդիպելու է Ալիևի հետ, ապա մասնակցելու է Իսրայելի անկախության 75-ամյակին նվիրված հատուկ միջոցառմանը։

ԶԼՄ-ները գրում են, որ Ադրբեջանի նախագահական պալատում Իսրայելի նախագահին և նրա տիկնոջը պաշտոնապես կդիմավորի պատվո պահակախումբը՝ այդ թվում տեղի հրեական դպրոցի 30 երեխաների ներկայությամբ, ովքեր էլ կատարելու են Իսրայելի օրհներգը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու նախագահները կճաշեն, որից հետո Հերցոգը «ծաղկեպսակներ կդնի զինվորների և Ադրբեջանի հիմնադիր հոր՝ Հեյդար Ալիևի հուշարձաններին»։

ԶԼՄ-ները հավելել են, որ Հերցոգին ուղեկցելու է Իսրայելի առողջապահության նախարար Մոշե Արբելը, որը կհանդիպի ադրբեջանցի իր գործընկերոջ՝ Թեյմուր Մուսաևի հետ։