Չավուշօղլու. «Սիրիայում հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով»

1527

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն համոզմունք է հայտնել, որ Սիրիայում հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով: Այս մասին նա հայտարարել է «Գլոբալիզացիայի ճգնաժամը. ռիսկեր և հնարավորություններ» խորագրով ֆորումում ելույթ ունենալիս:

Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելու որոշման անդրադառնալով՝ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ իրենք ստիպված են գնացել այդ քայլին, քանի որ իրենց դաշնակիցներից աջակցություն չեն ստացել: Այս համատեքստում Չավուշօղլուն նորից մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայի քրդական ուժերին զենք մատակարարելու մեջ:
Թուրքիայի արտգործնախարարը պնդել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունն ուղղված է միայն «ահաբեկիչների» դեմ, իսկ խաղաղ բնակչությանը չվնասելու համար Թուրքիան մեծ ջանքեր է գործադրել:

Նշենք, որ Թուրքիան ահաբեկչական է համարում Սիրիայում գործող «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (PYD) և դրա ռազմական թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին» (YPG), բացի այդ Սիրիայի քրդական ուժերին համարում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ճյուղերից մեկը: