Իրանն ու Հայաստանն ազգային անվտանգության ոլորտում ունեն ընդհանուր շահեր. ՀՀ-ում Իրանի դեսպան

170

Իրանը և Հայաստանը ազգային անվտանգության ոլորտում ունեն ընդհանուր շահեր և ընդհանուր մտահոգություններ։ Այս մասին «Օրբելի» վերլուծական կենտրոնի հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Զրույցում դեսպանը հիշեցրել է, որ երկու երկրների ղեկավարները պարբերական շփումներ են անցկացրել, անցյալ տարվա ընթացքում կանոնավոր հանդիպումներ և շփումներ են եղել երկու երկրների ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների միջև։

«Երկու երկրներում ազգային անվտանգության համար պատասխանատու կառույցները նույնպես սերտորեն համագործակցում են միմյանց հետ։ Սա այն ուղին է, որը պետք է շարունակվի տարբեր մակարդակներում»,- նշել է դեսպան Զոհուրին:

Որպես մյուս ուղի՝ դեսպան Զոհուրին մատնանշել է արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական լուրջ խորհրդակցությունների և երկու երկրների միջև ռազմավարական երկխոսությունների կանոնավոր ընթացքը:

«Այս առումով, այս տարվա մարտ ամսին ականատես եղանք Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ պարոն Բաղերիի Հայաստան կատարած այցին»,- հավելել է դեսպանը: