Մենք շատ կարևոր ենք համարում «Հյուսիս-հարավ»-ի լիարժեք իրագործումը ՀՀ տարածքում. ՀՀ-ում Իրանի դեսպան

64

«Հյուսիս-հարավ» ճանապարհի նախագիծը մեծ ծրագիր է թե՛ տնտեսական, թե՛ գործառնական առումով, որի իրականացումը Հայաստանի պատմության ամենամեծ տնտեսական նախագծերից է։ Այս մասին «Օրբելի» վերլուծական կենտրոնի հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

«Աշխատանքները պետք է կատարվեն շատ ուշադիր կերպով՝ ֆինանսավորման, մրցույթների անցկացման, նախագծի իրագործման և սահմանված ժամկետների նկատմամբ վերահսկողության տեսանկյունից։ Կարծում եմ, որ այժմ ծրագրի իրականացման հեռանկարը զգալիորեն բարելավվել է»,- ասել է դեսպանը:

Դեսպան Զոհուրին նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև առևտրի մեծ մասն իրականացվում է Նորդուզից դեպի Երևան ձգվող ցամաքային ճանապարհով, որն անցնում է Հայաստանի Սյունիքի մարզով։

«Հայաստանում «Հյուսիս-հարավ» ճանապարհի նախագծի շրջանակներում ՀՀ կառավարությունը լուրջ ծրագրեր ունի՝ բարելավելու այս երթուղու ենթակառուցվածքները և այն վերածելու միջազգային տարանցիկ ճանապարհի։

Մենք նույնպես շատ կարևոր ենք համարում այս նախագծի լիարժեք իրագործումը Հայաստանի Հանրապետության տարածքում, և իրանական ընկերությունները պատրաստ են ակտիվորեն մասնակցելու այս նախագծի իրականացմանը»,- հավելել է դեսպանը:

Ըստ դեսպան Զոհուրիի՝ այս ծրագրի իրագործումը կնպաստի Իրանի և Հայաստանի տարածքով Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի գործարկմանը, որը գրավել է նաև այլ երկրների ուշադրությունը։