Թուրքիայի կառավարության նոր կազմի ակնառու ներկայացուցիչներից մեկն Իբրահիմ Քալընն է, ով ընտրություններից հետո նշանակվեց Ազգային հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար։ Իբրահիմ Քալընն Էրդողանի մերձավորագույն շրջապատից և համախոհներից մեկն է, ով տարիներ շարունակ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել թուրքական իշխանական բուրգի ամենաբարձր շերտերում և լիովին կիսում է նախագահի իսլամական-օսմանական գաղափարները։
«Օրբելի» վերլուծական կենտրոնի կայքում հրապարակվել է թուրքագետ Էմմա Կարապետյանի հոդվածը՝ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության նոր ղեկավար Իբրահիմ Քալընի կյանքի և գործունեության վերաբերյալ։
ՔԱԼԸՆՆ ՈՒ ՖԻԴԱՆԸ ՄԱՅՔ ՊՈՄՊԵՈՅԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ
«Իբարհիմ Քալընի և այժմյան արտգործնախարար Հաքան Ֆիդանի նոր պաշտոնով պայմանավորված՝ սոցցանցերի թուրքական տիրույթում հաճախ են նրանց մասնակցությամբ կամ նրանց վերաբերյալ տեսահոլովակներ կամ տարբեր բնույթի լուրեր տարածվում։
Իշխանամերձ «Türkiye Gazetesi» թերթի յութուբյան ալիքում շաբաթներ առաջ հրապարակվեց մի տեսանյութ, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն իր «Never give an inch. Fighting for the America I love» գրքում պատմում Իբրահիմ Քալընի և Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների մասին. վերջինն այն ժամանակ Ազգային հետախուզության ծառայության ղեկավարն էր։
Պոմպեոն գրքում գրում է, որ փակ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Հաքան Ֆիդանն ու Իբրահիմ Քալընը, նա նշել է ամերիկյան կողմի դիրքորոշումն Իսլամական Պետության (ԻՊ) դեմ պայքարում՝ ասելով, որ ԱՄՆ-ն աջակցելու է YPG-ին (Ժողովրդական պաշտպանության ուժեր), իսկ թուրքական կողմը հայտնել է, որ YPG-ին սատարելը հավասար է PKK-ին սատարելուն, և, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են վատ ընթացք ստանալ դրանից հետո։
«Այժմ հասավ դիվանագիտական մասը թուրքերին լուրը հաղորդելու: Հանդիպումը վատ անցավ։ Ես երբեք չէի տեսել, որ սենյակում այդքան արագ նման զայրույթ բռնկվի: Քալընն ու Ֆիդանը «պայթեցին», հետո արագ հեռացան։»,- գրել է Պոմպեոն՝ ավելացնելով, որ, թեև դա հիանալի չէր երկկողմ հարաբերությունների համար, Միացյալ Նահանգները «ճիշտ որոշում է կայացրել»։
Այս հանդիպմանն արձագանք եղավ նաև թուրքական կողմից բարձր մակարդակով։ Նախկին արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատեց ամերիկյան կողմի դիրքորոշումը։ Նա նշեց, որ դա ապատեղեկատվություն է և զարմանալի է, որ Պոմպեոն ասում է, թե ԱՄՆ-ն տեսել է՝ Թուրքիան չունի կարողություն ԻՊ-ի դեմ պայքարելու, որից հետո է նման որոշում կայացրել, մինչդեռ ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան արդեն իսկ պայքարում էր ԻՊ-ի դեմ։
Սկանդալային գրքի հրապարակումից հետո Քալընի արձագանքը ևս չուշացավ․ «Պոմպեոն տեղի ունեցածը խեղաթյուրելով է պատմում։ ․․․Մենք նրանց շատ պարզ ասացինք, որ ԱՄՆ-ի PYD/YPG քաղաքականությունը շատ սխալ է։ Հաքան Ֆիդանը մանրամասն բացատրեց սիրիական դաշտում տեղի ունեցող զարգացումները։ Ավելի ուշ Պոմպեոյի հետ իր հանդիպումներում նա կրկին հստակեցրեց մեր դիրքորոշումը։ Նմանապես, Մևլյութ բեյը և Հուլուսի փաշան (նկատի ունի Մևլյութ Չավուշօղլուին և Հուլուսի Աքարին) ևս ասել են, որ Սիրիայի, PYD/YPG-ի վերաբերյալ տարվող քաղաքականությունը հիմնովին սխալ է։ ․․․Նա գրել է, որ մենք զայրացել ենք, մենք մեր հստակ դիրքորոշումն ենք այնտեղ ցույց տվել։ Այն, ինչ նա անվանում է զայրույթ, մեր հստակ դիրքորոշումն էր»։
Ուշագրավ է, որ թե՛ Չավուշօղլուն, թե՛ Քալընն իրենց խոսքում ընդգծել են, որ Սիրիայի, PYD/YPG-ի վերաբերյալ տարվող ամերիկյան այս քաղաքականությունը նախորդ նախագահ Բարաք Օբամայից մնացած ժառանգություն է»։
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ: