Էրդողանը «բաց» է Ասադի հետ հանդիպման համար, սակայն «անընդունելի» է համարում Սիրիայից թուրքական զինուժի դուրսբերման պայմանը

103

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ «բաց» է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ բանակցությունների համար, սակայն նրանց հանդիպումը տեղի չի ունենա, եթե որպես պայման է դրվում թուրքական զինուժի դուրսբերումը Սիրիայի տարածքից:

Երկուշաբթի Ստամբուլում լրագրողների հետ զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան երբեք «դռները չի փակել» Սիրիայի կառավարության հետ քննարկումների համար։

«Մենք կարող ենք քառակողմ գագաթնաժողով անցկացնել [Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի հետ], և ես նույնպես բաց եմ Ասադի հետ հանդիպման համար։ Այստեղ կարևորը նրանց մոտեցումն է մեր նկատմամբ»,- լրագրողներին ասել է Էրդողանը՝ Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ եռօրյա այցից առաջ:

Այդուհանդերձ, Դամասկոսի կողմից առաջ քաշված պայմանը՝ թուրքական զինված ուժերը Սիրիայի տարածքից ամբողջությամբ դուրս բերելուց հետո հանդիպելն Էրդողանն «անընդունելի» է համարել: