Այսօր Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը՝ ենթադրաբար Ադրբեջան-Հայաստան խաղաղության համաձայանագրի շուրջ բանակցություննեը շարունակելու նպատակով։
Մինչդեռ ուշագրավ է, որ Ա. Միրզոյանը Ռուսաստան մեկնելուց առաջ այցելեց Իրան և բանակցություններ ունեցավ այդ երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Այս այցի ընթացքում հրապարակային մակարդակում հերթական անգամ ամրագրվեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Երևանի և Թեհրանի սկզբունքային դիրքորոշումները։
Բայց ինչո՞վ է հատկապես կարևոր այս իրողությունը։ Միանշանակ է, որ մոսկովյան բանակցությունների առանցքային թեման լինելու են Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը, Քաշաթաղի/Լաչինի միջանցքի արգելափակման խնդիրը և, իհարկե, դրա հետ փոխկապակցված (Բաքվի և Մոսկվայի ջանքերով)՝ Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան կապուղու/«Զանգեզուրի միջանցքի» հարցը։
Քանի որ, պետք է նշել, որ ռուսական հարթակում Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջնահերթ օրակարգը հենց կապուղիների ապաշրջափակման հարցն է, որի հետ կապված վերջին շրջանում նկատվում է հատկապես Ադրբեջանի և Ռուսաստանի դիրքորոշումների էական մերձեցում։
Հետևաբար, նման պայմաններում և հատկապես վերոնշյալ հարցում Երևան-Թեհրան դիրքորոշումների ճշգրտումը, սկզբունքային մոտեցումների վերահաստատումը չափազանց կարևոր է մոսկովյան բանակցություններից առաջ, քանի որ հենց այս երկու դերակատարներն են բացահայտ ընդդիմանում Հայաստանի տարածքում «միջանցքի» ստեղծման որևէ ծրագրի։
Արմեն Պետրոսյան