Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից․ Պեսկով

41

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից։

Պեսկովն այս մասին խոսել է՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե տեսնում են, որ Ռուսաստանը իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում Հարավային Կովկասի տարածաշրջանից։

«Մենք խորը հարգանք ենք տածում վարչապետ Փաշինյանի նկատմամբ, գնահատում ենք նրա և նախագահ Պուտինի աշխատանքային և շատ կառուցողական հարաբերությունները, բայց այդ թեզերի հետ չենք կարող համաձայնվել։ Ռուսաստանը ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ։ Ռուսաստանը շարունակում է հետևողական, շատ կարևոր դեր խաղալ իրավիճակի կայունացման և հակամարտության վերացման գործում։ Այս համատեքստում կարևոր է տարածաշրջանի բոլոր պետությունների հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարություններին։ Նոր իրադարձություններ են եղել, որոնք որոշակիորեն փոխել են իրավիճակը, սակայն դա չի նշանակում, թե Ռուսաստանը ինչ-որ կերպ շեղվում է իր գործունեությունից»,- ասել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը շարունակելու է տանել Հարավային Կովկասում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխավորի դերը։ 

Պեսկովը նաև նշել է, որ ՌԴ-ում ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում, որոնք իրենց ներդրումն ունեն Ռուսաստանի զարգացման գործում։

Նա նաև հիշեցրել է, որ Երևանը մասնակցում է ինտեգրացիոն գործընթացներին, որոնց շնորհիվ «Հայաստանն ԱՊՀ-ում չեմպիոն է դարձել զարգացման տեմպերով»։