Հակահայական հոդված հրապարակած «Նեզավիսիմայա գազետայի» խմբագիրներն ազատվել են աշխատանքից

2772

Ռուսաստանում գործող հայկական կայքերը տեղեկություն են տարածվել այն մասին, որ ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովի երեք տեղակալներից երկուսը՝ Արկադի Խանցեվիչը և Անդրեյ Ռիսկինը աշխատանքից ազատվել են:

Ըստ լրատվական աղբյուրների՝ պաշտոնանկությունների պատճառը սումգայիթյան ջարդերի մասին Լև Ասկերովի հայտնի հակահայկական հոդվածի հրապարակումն էր:Նշենք, որ հոդվածը պարունակում էր ոչ միայն անհեթեթ պնդումներ և պատմություն կեղծելու փորձեր, այլև կասկածներ է առաջացնում լրատվամիջոցի օբյեկտիվության և անկաշառության վերաբերյալ։

Թեմային անդրադարձել է նաև ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով. «Իմիջիայլոց՝ ինքս անձամբ ստուգեցի՝ թերթի կայքում մարտի 2-ին առաջին խմբագրի տեղակալի պաշտոնին դեռ նշված է եղել Արկադի Խանցեվիչի անունը, իսկ խմբագրի մյուս տեղակալներից, ինչպես նաև տարածաշրջանային թղթակիցների բաժնի պետի պաշտոնին՝ Անդրեյ Ռիսկինը: Հիմա երկուսի փոխարեն էլ այլ մարդիկ են կայքում նշված:»

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «Говорит Москва»-ին հայտնել էր, որ վերոնշյալ հոդվածի առնչությամբ դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն՝ պահանջելով հետաքննություն սկսել էթնիկական ատելության, այլատյացության և կրոնական անհանդուրժողականության հրահրման վերաբերյալ: