ՄԱԿ-ի առաքելությունը հերթական անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Առաքելությունը Ստեփանակերտ է մեկնել Աղդամ-Ասկերան ճանապարհով։
ՄԱԿ-ի առաքելությունը ԼՂ էր այցելել նաև հոկտեմբերի 2-ին, որի արդյունքներով հրապարակվել էր զեկույց։ Առաքելությունը, ըստ այդ զեկույցի՝ արձանագրել էր, որ Արցախում կարող է մնացած լինել 50-1000 էթնիկ հայ։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները չէին արձանագրել «հիվանդանոցների, դպրոցների, տների, մշակութային ու կրոնական կառույցների վնաս» և նշել էին, որ «Ադրբեջանը պատրաստվում է վերականգնել առողջապահական և այլ ենթակառուցվածքներ»։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել էր հոկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խմբի այցին՝ դրա արդյունքներով ընդունված մամուլի հաղորդագրությունը անվանելով «խիստ կողմնակալ»։