Սառնաղբյուրում սպանված երեխաները դպրոցում են եղել․ Արման Թաթոյան

102

Ասկերանի Սառնաղբյուր գյուղում  5 քաղաքացիական անձ է սպանվել, նրանցից 3-ը դպրոցականներ են եղել, որոնք այդ պահին դպրոցում են եղել: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնդրամի ղեկավար Արման Թաթոյանը։

Նա նշել է, որ երեխաներից երկուսը մեկ ընտանիքից էին՝ ութամյա և տասնամյա եղբայրներ։

Քարտեզներով ներկայացնելով ադրբեջանցիների հարձակման ուղղությունները` Թաթոյանը ցույց է տվել, որ ադրբեջանական զինծառայողները շղթայի մեջ են վերցրել բնակավայրերը։

«Նրանք, ովքեր չեն հասցրել դուրս գալ գյուղերից, կա’մ գերեվարվել են, կա՛մ սպանվել, հետևաբար կամովի տներից հեռանալու մասին խոսք չկա»,- ասել է նա՝ նշելով Գետավանի դեպքերը, որտեղ խաղաղ բնակիչներ են զոհվել, վիրավորվել ու գերեվարվել։

Թաթոյանի խոսքով՝  բնակչությունը փախչելու համար ունեցել է կես ժամից մեկ ժամ, և ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ ադրբեջանական զորքերը բնակչությանը պարզապես քշել են մի անկյուն և տարածքից «ելք»-ի մղել։