«‎Խաղաղության խաչմերուկի» առարկայան նշանակությունը

168

Հայաստանի ներկայացրած «‎Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային ապաշրջափակման ծրագիրը տվյալ ժամանակահատվածում առավելապես կարևոր է քաղաքական, քարոզչական տեսանկյունից` հաշվի առնելով մեր տարաշածրջանում ‎վերջին շրջանում կրկին միտումնավոր կերպով ակտիվացած ապաշրջափակման միջանցքային շեշտադրումներով խոսույթը։

Ծրագրի նման հրապարակային կերպով ներկայացումը և դրա առանցքային դրույթների մասշտաբային տարածումը ներկա զգայուն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակի պայմաններում հնարավորինս հասանելի է դարձնում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը տարածաշրջանի ապաշրջափակման հետ կապված` ընդհանուր առմամբ, հերքելով Երևանի ապակառուցողական վարքագծի վերաբերյալ իրականացվող արհեստածին քարոզարշավը։

Այս ծրագրի հրապարակումը, որոշակիորեն նաև քաղաքական ու քարոզչական պատասխան է Նախիջևանից Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի‎» հարցում նոր մարտավարության բարձրաձայնմանը։

Իսկ վերջինի քաղաքական և քարոզչական առանցքային երկու ուղղություններից առաջինը միտված է Հայաստանին շահագրգռելուն/մոլորեցնելուն` հապճեպ կերպով օգտվելով ապաշրջափակման ամենավերջին` թյուրքական հնարավորությունից։

Մյուս ուղղությունը միտված է միջազգային հանրության շրջանում Հայաստանին որպես ապակառոցողական և ոչ համագործակցային դերակատար ներկայացնելուն։