ՀՀ ԱԳՆ-ն արտահայտել է իր խիստ դժգոհությունները «Արևմտյան Ադրբեջան համայնք»-ի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հանդիպման մասին

31

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հանդիպման վերաբերյալ՝ «Արևմտյան Ադրբեջան համայնք» արհեստածին կազմակերպության հետ, ՀՀ ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով արտահայտել է իր խիստ դժգոհությունները: Այս մասին MediaHub-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ ՀՀ ԱԳՆ քննարկումները, այդ թվում՝ դիվանագիտական կապուղիներով, կրում են շարունակական բնույթ: Դա վերաբերվում է նաև հանձնակատարի՝ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 000 բնակչության բռնի տեղահանման և դրա հետևանքով առաջացած մարդու իրավունքների իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով հոկտեմբերի 16-23-ը կատարած այցին, դրա շրջանակներում կայացած հանդիպումներին և առանձին հարցերի շուրջ քննարկումներին: 

Ինչպես միջազգային մյուս գործընկերների, այնպես էլ հանձնակատար Միյատովիչի հետ քննարկումներում ՀՀ-ն ընդգծել է Ադրբեջանի կողմից հաճախ տարբեր հարցերի միտումնավոր խեղաթյուրման, իր քարոզչական նպատակներով հարթակների շահարկման, իսկ առանձին դեպքերում նաև անընդունելի երևույթների ու եզրույթների մասին: Ձեր կողմից վկայակոչվող «կազմակերպության» հետ Դ. Միյատովիչի հանդիպման կապակցությամբ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական կապուղիներով արտահայտել է իր խիստ դժգոհությունը: Հավելենք, որ այցից հետո հանձնակատարի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ «կազմակերպությունը» կայացած հանդիպումների շարքում չի հիշատակվում: Փոխարենը, հանձնակատարն արձանագրել է, որ ԼՂ բնակչության համար տները լքելը եղել է միակ հասանելի տարբերակը։ Նշվել է, որ զանգվածային տեղահանմանը նախորդել են սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունները, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մարդկանց տեղաշարժի և հիմնական ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև խափանումները»,- նշված է պատասխանում: