Երուսաղեմի Հայկական թաղամասի «Կովերի պարտեզում» ընթացող իրադարձությունների վերաբերյալ հայկական համայնքը նոր մանրամասներ է հրապարակել:
Ըստ հաղորդագրության՝ «Xana» ընկերության մեքենաների և մոտոցիկլետների շարասյունը վերաբնակիչների ուղեկցությամբ ժամանել է «Կովերի պարտեզ», որից հետո քաղաքի հայ բնակիչները հավաքվել են այդտեղ: Դեպքի վայր են ժամանել նաև Իսրայելի ոստիականության ուժերը և պաշտպանության բանակը, որից հետո վերաբնակիչները ցրվել են, և տեղում մնացել են մի քանիսը:
Նշվել է, որ Իսրայելի ոստիկանությունը 3 հայ երուսաղեմցու է ձերբակալել, որոնցից մեկն անչափահաս է:
Իսրայելի ոստիկանությունը թույլատրել է «Կովերի պարտեզում» մնալ որոշ վերաբնակիչների, որոնց նպատակը այդ հատվածը յուրացնելն է: Ի պատասխան այս ամենի՝ հայկական համայնքը կենդանի վահան է կազմել և խաղաղ կերպով հորդորել ազատել «Կովերի պարտեզի» տարածքը:
Հաղորդագրության մեջ նշվել է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված: