Թուրքիայի ՊՆ. Սիրիայի հյուսիսում նոր գործողություն իրականացնելու անհրաժեշտություն չկա

1552

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում այն շրջաններում, որոնք դուրս են գտնվում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանակներից, նոր գործողություն իրականացնելու անհրաժեշտություն այլևս չկա:

Թուրքիայի ՊՆ-ն հայտարարությունը տարածել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները համաձայնություն են ձեռք Եփրատից արևելք ընկած Սիրիայի հյուսիսային շրջանների հարցում: ՊՆ-ի հայտարարության մեջ 6 կետով նշվել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունից հետո ձեռք բերված արդյունքները:

Նախ հիշեցվել է, որ հոկտեմբերի 17-ին համաձայնություն էր ձեռք բերվել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, որով 120 ժամով դադարեցվել էր Թուրքիայի ռազմական գործողությունը: Նշվել է, որ այդ ընթացքում Թուրքիան կատարել է համաձայնության կետերը: Ընդգծվել է, որ ըստ ամերիկյան կողմի հավաստիացումների, այդ շրջաններից դուրս են բերվել քրդական ուժերը:

Հայտարարության մյուս կետերը վերաբերում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սոչում ձեռք բերած համաձայնությանը: Նշվել է, որ այդ համաձայնության շրջանակներում սկսում են համատեղ աշխատանքները Ռուսաստանի հետ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ այդ համաձայնությունից հետո անհրաժեշտություն չկա նոր ռազմական գործողություն իրականացնել:

Հայտարարությամբ Թուրքիան վերահաստատել է ահաբեկչության դեմ պայքարում իր վճռականությունը: