Ամերիկյան կործանիչները Սիրիայում Իրանին պատկանող ռազմական օբյեկտներ են թիրախավորել

730

ԱՄՆ-ի առաջնորդությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիայի կործանիչները Սիրիայում Իրանին պատկանող ռազմական նշանակության երեք թիրախ են խոցել։

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թիրախավորվել են մասնավորապես Բուկեմել շրջանում տեղակայված Իմամ Ալի ռազմաբազան և Սանայի և Հիզամ շրջաններում տեղակայված ռազմական նշանակության օբյեկտներ։

Ըստ թուրքական աղբուրի՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դրան հարող խմբավորումների կողմից շահագործվող ռազմաբազայում ռմբակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան։

Նշենք, որ նախօրեին հրթիռակոծվել էր Բաղդադի հյուսիսում գտնվող իրաքյան Էտ-Թաջ ռազմաբազան, որտեղ ամերիկյան զորքեր են տեղակայված։ Հարձակման հետևանքով զոհվել են 2 ամերիկացի և 1 անգլիացի զինվոր, ևս 11-ը վիրավորվել են։ Ռազմաբազայի տարածքում 15 հրթիռ է ընկել։ Ամերիկյան մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ենթադրվում է, որ հրթիռակոծությունն իրականացրել են Իրանին հարող խմբավորումները։