Սիրիայում ստեղծված իրավիճակը՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների ժողովի օրակարգում

1491

Բրյուսելում հոկտեմբերի 24-26-ը կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողովի օրակարգում լինելու է Սիրիայի հյուսիսում վերջին զարգացումները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ սպասվում է, որ արտգործնախարարները  կքննարկեն Թուրքիայի ԶՈՒ-ի իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության հետևանքով Սիրիայում ստեղծված իրավիճակը, փոփոխված պայմաններում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը շարունակելու ուղիները: Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է նաև Սիրիայի հյուսիսում Եփրատից արևելք ընկած տարածքների հարցում Գերմանիայի առաջարկը, որով նախատեսվում է այդ տարածքներում ձևավորել անվտանգության գոտի, որի վերահսկողությունը կիրականացնեն միջազգային ուժերը, որի մեջ ներգրավված կլինեն նաև Թուրքիան և Ռուսաստանը:

Նշենք, որ «Խաղաղության ակունք» ռազմական գործողության հետևանքով լարվածություն էր առաջացել ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների և Թուրքիայի միջև: ՆԱՏՕ անդամ երկրներից՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Նորվեգիան հայտարարել էին Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելու մասին: