« Հենց ադրբեջանցի ժողովուրդն է, որ կորուստներ է կրում Ալիևի բռնապետական կառավարումից։ Մեր բանտերը լցված են բանտարկյալներով »։
Նման կարծիք է հայտնել ադրբեջանցի հայտնի կոնֆլիկտաբան, Ղարաբաղյան և ընդհանրապես հայ – ադրբեջանական հակամարտության փորձագետ Արիֆ Յունուսովը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդմանը։
Հրայր Թամրազյանի այն դիտարկմանը, թե հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերը վկայում են այն մասին, թե Ադրբեջանի նախագահ Ալիևն ամենևին էլ չի ցանկանում «խաղաղություն» հաստատել Հայաստանի հետ, ադրբեջանցի փորձագետը նշել է․
«Այստեղ երկու գործոն է միահյուսված։ Գործոններից մեկը հենց Իլհամ Ալիևն է՝ նրա անձը, նրա դերը, մյուսը՝ աշխահաքաղաքական իրավիճակն է։ Երբ մենք ասում ենք ղարաբաղյան հակամարտություն, նկատի ունենք միայն մեզ՝ հայերին ու ադրբեջանցիներին, Հայաստանին ու Ադրբեջանին, համապատասպանաբար նաև այդ երկրների առաջնորդներին։ Բայց իրականում մենք այս հակամարտությունում անգամ գլխավոր դեր չենք խաղում։ Մշտապես կրկնում եմ, որ 1992թ․ այն ժամանակվա նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը ասում էր, որ մենք մեծ աշխարհաքաղաքական խաղի խաղաքարեր ենք։ Այնուհետև այդ նույն միտքը մեկ անգամ չէ, որ կրկնել է հանգուցյալ դիվանագետ Վաֆա Գուլուզադեն, ով Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ էր վարում։ Նա բազմիցս նշել է, որ հայերն ու ադրբեջանցիներն ամեն ինչ չէ, որ որոշում ենք։ Կան ավելի ուժեղ խաղացողներ։ Իհարկե նա առաջին հերթին նկատի ուներ Ռուսաստանին։ Այսօր սա ավելի արդիական է, քանի որ այսօր մենք խոսում ենք աշխահաքաղաքական առճակատման մասին»։
Փորձագետի խոսքերով, Ալիևը, իրական ոստիկանական հանրապետություն է ստեղծել, և նա է հանդիսանում բռնապետ ու իրական վտանգ ներկայացնում առաջին հերթին հենց ադրբեջանցի ժողովրդի համար։
«Որպեսզի հասկանաք պատկերը, նշեմ, որ Ադրբեջանի գաղութներում ու բանտերում կա 25․000 տեղ, իսկ այժմ կա 23․000 բանտարկյալ։ Ասինքն բանտերը գրեթե լցված են։ Համեմատության համար նշեմ, որ օրինակ, Նիդերլանդներում բանտարկյալների թիվը գնալով նվազում է, իսկ բռնատիրական, ավտորիտար երկրներում ընդհակառակը՝ ավելանում։ Մենք անընդհատ նոր բանտեր ենք կառուցում։ Մեր խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտն ուշադրություն է հրավիրում քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածների վրա։ Մենք անընդհատ նոր բանտեր ենք կառուցում։ Եթե մենք նայում ենք այս ամենին տարածաշրջանի տեսանկյունից, ապա այս ամենից տուժում է նաև Հայաստանը, որովհետև Փաշինյանն այժմ իրոք ուզում է խաղաղություն, բայցադրբեջանական կողմից կա բոյկոտ, հակազդեցություն։ Այստեղ հարց է առաջանում։ Ինչո՞ւ է լինում այս հակազդեցությունը։ Օբյեկտիվորեն նույն Փաշինյանի գործողությունները բխում են Հայաստանի շահերից։
Այսինքն, եթե նայենք Ադրբեջանի հասարակական տրամադրություններին, նույնիսկ հաշվի առնելով, այն հաղթական էյֆորիան, որը կար 2020-ին և հատկապես անցյալ տարվա սեպտեմբերի 19-ի մեկօրյա մարտերից հետո Ադրբեջանում՝ հասարակության շրջանում, այնուամենայնիվ, ցանկություն չկա պատերազմել Հայաստանի հետ։ Այսինքն Հայաստանի հետ պատերազմելու գաղափարը պոպուլյար չէ ադրբեջանական հասարակության շրջանում», – ընդգծել է նա»։