«Սահմանադրությունը և դրա շուրջ իրավաբանական գործընթացները Հայաստանի ներքին գործն են և ոչ մի կերպ կա չունի խաղաղության հետ»:
Այս մասին Անթալիա քաղաքում մեկնարկած դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասել է հայկական կողմի բանախոս, ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով ադրբեջանական կողմի բանախոս Հիքմեթ Հաջիևին, որն իր խոսքում նշել էր, թե ՀՀ Սահմանադրության շրջանակների վերաբերյալ հայկական կողմից Ադրբեջանը պարզաբանումներ է ակնկալում:
Ռուբինյանը հավելել է, որ Հայաստանը Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, այդ մասին բազմաթիվ անգամ ասվել է, փաստաթղթով ամրագրվել, բայց 2 կողմի համար էլ կարևոր է ֆիքսել, որ ոչ մեկը մյուսից տարածքային պահանջ չունի, և հենց դա կլինի խաղաղության պայմանագիրը։
Այնուհետ հայկական կողմի բանախոսը կրկնել է խաղաղության պայմանագրի 3 հիմնական դրույթները, որոնցից մեկն էլ այն է, որ կողմերը պարտավոր են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և չեն պահանջում կամ ակնկալում որևէ տարածք մյուս կողմից:
«Կարծում եմ, լավագույն տարբերակը այս դրույթների ամրագրման՝ խաղաղության պայմանագրի ստորագրումն է»,- ասել է Ռուբինյանը:
Նշենք, որ «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկմանը մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահի օգնական, հատուկ դեսպան Հիքմեթ Հաջիևը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։