Իսրայելցի գերիների հարազատներն ու կողմնակիցները կարճ ժամանակով փակել են Թել Ավիվի գլխավոր մայրուղին՝ պահանջելով կառավարությունից համաձայնության գալ ՀԱՄԱՍ-ի հետ գերիներին ազատելու համար:
Ցուցարարներից մեկի պաստառի վրա գրված է. «Այս ամենը Ձեր վրա է, չվերադառնա՛ք Կատարից առանց համաձայնության»:
Aljazeera-ն տեղեկացնում է, որ ցուցարարները ցրվել են բողոքի ակցիայի մեկնարկից 15 րոպե անց, իսկ մայրուղով երթևեկությունն արագ վերականգնվել է:
Նշենք, որ վերջին շրջանում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ակտիվորեն ընթանում են միջնորդավորված բանակցություններ: Երեկ Իսրայելի պատվիրակությունը մեկնել էր Կատար՝ քննարկելու Գազայում հրադադար հաստատելու ՀԱՄԱՍ-ի առաջարկը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀԱՄԱՍ-ն առաջարկել էր ազատ արձակել իսրայելցի կանանց, երեխաների, տարեցների՝ 700-1000 պաղեստինցիների ազատության դիմաց: Պաղեստինցիների նշված թվից 100-ը դատապարտված է ցմահ ազատազրկման Իսրայելի բանտերում: