Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք:
Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մեկուսացված է 444 անձ, իսկ 799 մարդու կառավարությունը հորդորել է ինքնամեկուսացվել տներում:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Առաջնակի դեպքերից մեկն արձանագրվել է Էջմիածնում, մյուսը՝ Շենգավիթում՝ արտադրամասում։