Նոր սահմանափակումներ. կրոնավիրուսի պատճառով Վրաստանում գրեթե բոլոր հաստատությունները փակվել են

1354

Վրաստանի կառավարությունը խստացնում է կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարի միջոցները:

Մարտի 20-ից արգելվում է բոլոր առևտրի կետերի աշխատանքը, բացառություն են սնունդ վաճառող խանութները, դեղատները, բենզալցակայանները, փոստային բաժանմունքներն ու բանկերը:

«Ալիքմեդիայի» հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո:

Վրաստանի վարչապետն ասել է, որ առևտրի կետերը փակելու որոշում է ընդունվել՝ քաղաքացիների միջև հեռավորության պահպանման ու շփումները նվազագույնի հասցնելու նկատառումներով. «Մենք պետք է առավելագույնս դանդաղեցնենք վարակը տարածելու ընթացքը՝ հնարավորություն տալով բուժսեկտորին՝ վարակի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ գտնել»: 

Գախարիայի խոսքով՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու հարցը քննարկվել է, բայց նման որոշում կրկին չի ընդունվել:

 «Նման անհրաժեշտություն այսօրվա դրությամբ չկա, բայց պայմանավորվել ենք նախագահի հետ,որ նման որոշում կարող ենք ընդունել ընդամենը ժամերի ընթացքում ու անցնել իրականացմանը: Այդ որոշումը կարող է ընդունվել վաղը, մյուս օրը, երբ բուժաշխատողները հայտարարեն, որ դա անհրաժեշտ է վարակը կանխելու համար», — ասել է  Գախարիան:

Նա վստահեցրել է, որ երկիրը պատրաստ է պատվով դիմակայել բոլոր դժվարություններին:

Վրաստանում մարտի 19-ի  դրությամբ լաբորատոր հաստատված 40 դեպք կավարակվածներից մեկը ապաքինվել է, մահվան դեպքեր չկան: Կարանտինում մնում է  1344 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝  216:

Վրաստանը մարտի 18-ից երկու շաբաթով փակել է սահմանները օտարերկրացիների համար:Արգելք է գործում հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, մասամբ Թուրքիայի հետ քաղաքացիների տեղաշարժերի համար: Բեռնափոխադրումների դեպքում արգելքը չի տարածվում:

Մարտի սկզբից փակ են Վրաստանի բոլոր ուսումնական հաստատությունները, պետական գերատեսչություններն անցել են հեռահար աշխատանքի: Եկեղեցիներում ախտահանման աշխատանքներ են տարվում, չեղարկվել են հոգևոր արարողությունները՝ որոշ տաճարներում: Հատուկ ռեժիմներ են գործում կալանավայրերում, զինվորական կառույցներում:

Բանկերը 3 ամսով երկարաձգել են վարկերի մարումը, զբոսաշրջության ոլորտի հարկատուներին պետությունը 4 ամսով ազատել է հարկերից, հարկային արտոնություններ են սահմանվել մանր ու միջին բիզնեսի համար:

Վրաստանի կառավարությունը խորհուրդ է տվել փակել գեղեցկության սրահները, ժամանցի վայրերը, տոտալիզատորները, ռեստորաններն ու սրճարաններն աշխատում են միայն առաքումով: