Իրաքում հակակառավարական ցույցերը, որոնք վերջին 2 օրում խլել են ավելի քան 70 մարդու կյանք, չեն դադարում: Բաղդադում հոկտեմբերի 27-ին ցուցարարներին են միացել դպրոցականները, ուսանողները, խորհրդարանի ամենամեծ՝ «Սաիրուն» («Առաջ Քայլողներ») դաշինքը, որի կազմում են շիա հոգևորական Մուկթադա ալ-Սադրի և Կոմունիստական կուսակցության պատգամավորները:

Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, աշխատատեղերի ստեղծում և կոռուպցիայի դեմ արմատախիլ պայքար:  Իրաքցիները երկրի քաղաքական էլիտային նաև մեղադրում են Իրաքի երկու գլխավոր դաշնակիցներից մեկնումեկին՝ ԱՄՆ-ին կամ Իրանին, ենթարկվելու մեջ: Շատերը կարծում են, որ այդ պետությունները Իրաքն օգտագործում են տարածաշրջանում իրենց պայքարը շարունակելու համար՝ չմտածելով սովորական քաղաքացիների մասին:

Նշենք նաև, որ հոկտեմբերի սկզբից Իրաքի 329 տեղանոց խորհրդարանում ճգնաժամ է, նիստեր չեն կայանում քվորում չլինելու պատճառով: Հոկտեմբերի 27-ին ևս քվորում չէր ապահովվել, և պատգամավորները չեն կարողացել քննարկել ցուցարարների պահանջները:  «Սաիրունի» պատգամավորները հայտարարել են, որ չեն հեռանա խորհրդարանի շենքից, մինչև չքննարկվեն ցուցարարների պահանջները: Պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում են գրել չորս պատգամավոր:

Իրաքում զանգվածային ցույցերը սկսվել էին հոկտեմբերի 1-ից, որոնք իշխանությունները դաժանորեն  ճնշել են՝ կիրառելով արցունքաբեր գազ և հրազեն:  Մի քանի օրում զոհվել էր ավելի քան 150 մարդ: Բազմահազարանոց ցույցերը նոր թափով վերսկսվեցին հոկտեմբերի 25-ից: