ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Տեղեկությունը հայտնել է ISNA լրատվամիջոցը:
Հեռախոսազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Փեզեշքիանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և ևս մեկ անգամ ափսոսանք հայտնել Էբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Ռայիսիի օրոք երկու երկրների հարաբերությունների լավ են զարգացել, և Հայաստանը հավատարիմ է նրա պաշտոնավարման տարիներին ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին։
«Իրանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի վրա։ Երկու երկրների հարաբերությունները պարզապես հարևանների հարաբերություններ չեն, այլ առանձնահատուկ հարաբերություններ են, որոնք երբեք որևէ այլ գործոնի ազդեցության տակ չեն ընկնում»,- ընդգծել է Փաշինյանը։
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին շնորհավորանքների համար՝ Փեզեշքիանը շեշտել, որ Հայաստանը կարևոր դիրք ունի Իրանի հարևանների շարքում և այս երկրի հետ հարաբերությունները շատ կարևոր են Իրանի արտաքին քաղաքականության մեջ։
«Թեև Հայաստանի հետ Իրանի սահմանը կարճ է, սակայն այն հույսի և խաղաղ համակեցության սահման է, և մեր սկզբունքային քաղաքականությունը ձեր հանդեպ անփոփոխ է»,-հավելել է նա։
Ընդգծելով, որ Իրանը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության, Իրանի նոր նախագահը նշել է, որ իրենք աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և պատրաստ են ցանկացած օգնություն ցուցաբերել այդ հարցում։
Փեզեշքիանը փոխադարձաբար ընդգծել է Իրանի հավատարմությունը Հայաստանի հետ ունեցած պարտավորություններին և պատրաստակամությունը՝ ավելի զարգացնելու հարաբերությունները։ Նա գոհունակություն է հայտնել Հայաստանում Իրանի մասնավոր տնտեսական հատվածի ակտիվիստների գործունեությանը ՀՀ կառավարության աջակցության կապակցությամբ։