Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ զեկուցողներ Սոնա Էվարդդոտիրը (Իսլանդիա), Ռոջեր Գեյլը (Մեծ Բրիտանիա) և Ստեֆան Շեննան (Ավստրիա) անդրադարձել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նովրուզի առիթով ելույթի ժամանակ հնչեցրած այն արտահայտությանը, որով առաջարկել էր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված պայքարի շրջանակներում «մեկուսացման» ենթարկել քաղաքական ընդդիմությանը։
«Ես զարմացած եմ և ցնցված եմ Ադրբեջանի կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակը երկրի քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար որպես գործիք օգտագործելու ամոթալի այս երևույթից», – հայտարարել է Ռոջեր Գեյլը:
«Անհավանական է, որ որևէ պետության ղեկավար, չարաշահելով արտակարգ դրությունը և հասարակության առողջության հետ կապված խնդիրները օգտագործի իր իշխանությունն ամրապնդելու համար», – հավելել է նա:
Անդրադառնալով ադրբեջանական ընդդիմության առաջնորդներից Թոֆիկ Յագուբլուի՝ «խուլիգանության» մեղադրանքով ձերբակալությանը և կալանքին՝ մեկ այլ զեկուցող Սոնա Էվարդոտտիրը նշեց, որ այն ինչ նա լսել է ապացուցում է այդ գործի շինծու լինելը և որ Թոֆիկ Յագուբլուն համալրել է Ադրբեջանի քաղբանտարկյալների շարքը։
«Շատ հավանական է, որ Ադրբեջանի կառավարությունը սկսի պլանավորված քաղաքական ճնշումների հաջորդ փուլը: Սա ոչ մի լավ բան չի խոստանում Եվրոպական խորհրդի կազմում Ադրբեջանի ապագայի տեսանկյունից», – ասաց նա: