Հույն հայտնի երգչուհի Դեսպինա Վանդին չեղարկել է Թուրքիայի Չեշմե քաղաքում կայանալիք համերգը, ինչը կոշտ քննադատությունների է արժանացել և մեծ աղմուկ բարձրացրել Թուրքիայում։ Երգչուհին հրաժարվել է ելույթ ունենալ՝ պատճաբանելով, որ բեմում կախված է եղել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պաստառը և այդ երկրի դրոշը։
«Թուրքիայի դրոշով և Քեմալ Աթաթուրքի պաստառներով միջոցառմանը ելույթ ունենալը ցանկացած հույն արտիստի համար անարգանք կլինի պատմական հիշողության հանդեպ, այն էլ Թուրքիայի՝ Կիպրոս ներխուժելու 50-րդ տարելիցին»,- պարզաբանել է երգչուհին։
Նշենք, որ 1974-ի հուլիսի 20-ին թուրքական բանակը Կիպրոսում «խաղաղություն հաստատելու» պատրվակով ներխուժել էր կղզի և օկուպացրել կղզու շուրջ 40%-ը։ Դեսպինայի թիմը խնդրել է, որպեսզի Աթաթուրքի պաստառը այլ վայր տեղափոխեն, իսկ Թուրքիայի դրոշի կողքին դնեն նաև Հունաստանի դրոշը, ինչը մերժվել է համերգի կազմակերպիչների կողմից։ Մերժմանն ի պատասխան երգչուհին հայտարարել է. «Եթե Աթաթուրքի պաստառի տեղը չփոխվի, ես բեմ չեմ բարձրանա»։