Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը hուլիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատար դոկտոր Ալի Աբդուլ Քարիմ Ատայուին։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:
Հանդիպմանը ներկա էին նաև Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը և թեմի կենտրոնական վարչության ատենապետ տիար Կարապետ Գալուստյանը։
Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն է բերել ժամանակավոր հավատարմատարին և մաղթել արդյունավոր ծառայություն իր առաքելության մեջ` կարևորելով երկու պետությունների միջև հաստատված փոխգործակցությունը և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները։
Խոսելով Իրաքի հայ համայնքի մասին` Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Իրաքի իշխանություններին համայնքի և թեմի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։
Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն անդրադարձել է նաև հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, ԼՂ պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ու ռազմագերիների ազատ արձակման և ԼՂ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ միջազգային հանրության միջնորդական և հետևողական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատել։
Իր հերթին դոկտոր Ալի Աբդուլ Քարիմ Ատայուին Նորին Սրբությանը հավաստիացրել է, որ ամեն ջանք ի գործ կդնի ամրապնդելու և զորացնելու երկու երկրների համագործակցությունը։ ժամանակավոր հավատարմատարն անդրադարձ է կատարել նաև Իրաքում իշխանությունների կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված ազգային ու կրոնական փոքրամասնությունների համերաշխ գոյակցությանը և նրանց իրավունքների պաշտպանությանը։