Սա գարշելիությունից աշխարհը մաքրելու ճիշտ ճանապարհն է: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի ժառանգության նախարար Ամիչայ Էլիյահուն՝ արձագանքելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը:
«Երկաթե ձեռքը, որը կհարվածի նրանց, այն է, ինչը խաղաղություն և մի փոքր մխիթարություն կբերի և կամրապնդի խաղաղություն ցանկացողների հետ խաղաղ ապրելու մեր կարողությունը։
Հանիյեի մահն աշխարհը մի փոքր ավելի լավն է դարձնում»,- գրել է իսրայելցի նախարարը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն: Նա Թեհրան էր ժամանել՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը: ՀԱՄԱՍ-ը և իրանական կողմը սպանության պատասխանատու են տեսնում Իսրայելին: Իսրայելական կողմը պաշտոնական որևէ մեկնաբանություն չի կատարել այս միջադեպի առնչությամբ: