Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունն Իրանի ազգային ինքնիշխանության դեմ ոտնձգություն, միջազգային հիմնարար սկզբունքների խախտում է և տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության դեմ լուրջ սպառնալիք: Այս մասին նա հայտարարել է «Իսլամական համագործակցության» կազմակերպության ԱԳ նախարարների գործադիր կոմիտեի արտահերթ նիստին ելույթ ունենալիս:
«Մենք բազմիցս զգուշացրել ենք այս ռեժիմի գործողությունների վտանգավոր հետևանքների մասին, և չնայած Իրանի շահերի և ազգային ինքնիշխանության դեմ այս ռեժիմի կրկնվող գործողություններին, միշտ առավելագույն ջանքեր ենք գործադրել, որպեսզի կանխենք տարածաշրջանում լարվածության աճը»,-ասել է պաշտոնյան:
Նա շեշտել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի դեմ հարձակումից հետո Իրանի պահանջով ՄԱԿ ԱԽ նիստ էր գումարվել, սակայն Միացյալ Նահանգները խոչընդոտել է, որ կառույցը կատարի իր պարտավորությունները՝ դրանով իսկ փակելով դիվանագիտական ուղիները:
«Այդ պայմաններում էր, որ Իրանն օգտվեց ինքնապաշտպանության իր օրինական իրավունքից և այդ ռեժիմի դեմ գործողություն ձեռնարկեց: Այժմ ևս, երբ ՄԱԿ ԱԽ-ն Իսրայելի ագրեսիայի և խախտումների դեմ որևէ գործողություն չի ձեռնարկում, Իրանը չունի այլ տարբերակ, քան ինքնապաշտպանության օրինական իրավունքից օգտվելը: Նման գործողությունն անհրաժեշտ է ԻԻՀ ինքնիշխանության, քաղաքացիների և տարածքի նկատմամբ այս ռեժիմի հետագա ոտնձգությունները կանխելու համար և կիրականացվի համապատասխան ժամանակին և ձևով»,-հայտարարել է Բաղերին և շեշտել նաև Գազայում պատերազմի դադարեցման համար ՄԱԿ ԱԽ կողմից գործուն քայլերի կիրառման անհրաժեշտությունը: