Ամերիկյան Politico պարբերականը գրում է, որ շատ ընկերություններ նախատեսում են բաց թողնել կամ փոքր պատվիրակություններ ուղարկել այս տարի Ադրբեջանում կայանալիք COP29 միջազգային գագաթնաժողովին:
Պատճառն անցկացման վայրն է, հյուրընկալող երկրում գործող ավտոկրատ ռեժիմը և ամենակարևորը, նոյեմբերյան գագաթնաժողովի մեկնարկից մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը:
Նախատեսվում է, որ գագաթաժողովում մասնակցության ցածր ցուցանիշը շրջադարձային է լինելու՝ համեմատած նախորդ տարի Դուբայում անցկացված գագաթաժողովին:
Պարբերականը գրում է, որ մտահոգություններ կան անգամ հյուրանոցային համարներ ձեռք բերելու կամ Բաքվի ծայրամասում գագաթնաժողովի անցկացման վայր մուտք գործելու առումով:
Մեկ այլ գործոն, որը հետ է պահում բիզնես-ընկերություններին և կազմակերպություններին մասնակցել COP29-ին, Ադրբեջանի նկատմամբ թերահավատությունն է: Ոչ բոլորն են վստահ, որ Ադրբեջանը կարող է որակյալ միջոցառում կազմակերպել։
Վերոնշյալ գործոնների հետ մեկտեղ Ադրբեջանում պետական ծառայությունը նվազ ունակ է համարվում, քան օրինակ ԱՄԷ-ում։
«Ամերիկյան ընկերությունների խնդրի մի մասն էլ Բաքու հասնելն է. ուղիղ չվերթներ չկան։ Բաքուն զբոսաշրջության տեսանկյունից նվազ գրավիչ է»,- Politico-ի հետ զրույցում նշել են որոշ գործարարներ: