Ֆրանսիան և Հայաստանը շարունակելու են համագործակցությունը պաշտպանության բնագավառում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Երևանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:
«Մենք շարունակելու ենք նաև պաշտպանության բնագավառում մեր համագործակցությունը: Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ամբողջականությունը, իր տարածքը, իր բնակչությանը»,–ասաց Սեժուրնեն:
Նա ընդգծեց՝ բարեկամների միջև բնական է համագործակցությունը նաև այս բնագավառում: Դա անում են՝ հարգելով սուվերենությունն ու էսկալացիա չառաջացնելու ցանկությանը:
Նախարարը նաև շեշտեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունը հիմնված է շատ ամուր և պատմական հիմքերի վրա: