Լիբանանի հարցով ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Էմոս Հոխշտեյնն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին նախազգուշացրել է, որ Բեյրութի դեմ լայնածավալ պատերազմ չսանձազերծվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։
Ըստ Իսրայելում Հոխշտեյնի հանդիպումներից տեղյակ աղբյուրների՝ ԱՄՆ-ի պատվիրակը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հավատում, թե Լիբանանում ավելի լայն հակամարտությունը կհանգեցնի այն բանին, որ Իսրայելը հասնի տեղահանված իսրայելցիներին երկրի հյուսիսում գտնվող իրենց տներ վերադարձնելու նպատակին:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ լայնածավալ պատերազմը կարող է շատ ավելի լայնածավալ և ձգձգվող տարածաշրջանային հակամարտության հանգեցնել։
Ըստ Նեթանյահուի գրասենյակի՝ նա հայտնել է Հոխշտեյնին, որ անհնար կլինի տեղահանված իսրայելցիներին վերադարձնել իրենց տներ՝ առանց Լիբանանի հետ սահմանին անվտանգության հետ կապված իրավիճակի հիմնարար փոփոխության:
«Իսրայելը գնահատում և հարգում է Բայդենի վարչակազմի աջակցությունը, բայց, ի վերջո, երկիրն անհրաժեշտ ամեն բան կանի իր անվտանգությունը պահպանելու և հյուսիսի բնակիչներին իրենց տներ անվտանգ վերադարձնելու համար», – հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Իր հերթին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Հոխշտեյնին ասել է, որ հյուսիսային սահմանին իրավիճակի դիվանագիտական կարգավորման հնարավորությունը «սպառվել է, քանի որ «Հեզբոլլահ»-ը շարունակում է իրեն կապել ՀԱՄԱՍ-ի հետ և հրաժարվում է դադարեցնել հակամարտությունը»:
«Հետևաբար, հյուսիսի բնակիչներին իրենց տներ վերադարձնելու միակ միջոցը լինելու է ռազմական գործողությունը», – նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
Իսրայելի նախարարների կաբինետը սեպտեմբերի 17-ին քվեարկել է ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի նպատակների նորացման օգտին՝ դրանցում ներառելով տեղահանված իսրայելցիների անվտանգ վերադարձը Լիբանանի սահմանին գտնվող իրենց տներ:
Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմին զուգահեռ Իսրայելի բանակի և «Հեզոլլահ»-ի միջև պարբերաբար փոխադարձ գնդակոծություններ են տեղի ունենում։ Լիբանանի հարավի և Իսրայելի հյուսիսի բնակավայրերից տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են։