Նոր տիպի կորոնավիրուսի (Covid-19) դեմ պայքարի նպատակով հայտարարված արտականգ դրության շրջանակներում Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլ ի2-ի առավոտյան ժամը 08:00-ից երկրում հայտարարել համընդհանուր կարանտին:
Բացի դրանից գործելու է նաև պարետային ժամ – երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00: Նոր սահմանափակումների համաձայն՝ արգելվում է 3-ից ավելի մարդկանց հավաքվել ցանկացած հանրային վայրում, բացի դեղատնտերից և մթերային խանութներից։ Պարտադիր է տանից դուրս գալու դեպքում ունենալ անձը հաստատող ID քարտ։
Երկրի ողջ մասշտաբով կստեղծվեն շտաբներ, որոնք կվերահսկեն կարանտինային ռեժիմը: Բացի այդ՝ Վրաստանի մի շարք քաղաքների՝ Թբիլիսիի, Բաթումիի, Քութայիսիի, Ռուսթավիի, Փոթիի, Զուգդիդիի, Գորիի մուտքերի մոտ կստեղծվեն հսկիչ անցակետեր: Միջոցառումներն անցկացնելու համար կներգրավվեն Վրաստանի Ներքին գործերի և Պաշտպանության նախարարությունները:
Հիշեցնենք, որ Վրաստանում մարտի 21-ին հայտարարվել էր արտակարգ դրություն, ինչից հետո փակվել են Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետները, տեղում հայտարարվել է խիստ կարանտին: Մարտի 30-ի ժամը 18:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 100-ի: Կարանտինի ռեժիմում է մնում 4978 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 266-ը: Բուժված անձանց թիվը հասել է 18-ի: