Հայաստանի և Կիպրոսի ռազմական համագործակցությունը ներառում է միջոցառումների լայն շրջանակ, այդ թվում` համատեղ զորավարժություններ, զինվորականների փոխայցելություններ և պաշտպանական գնումներ: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։
Պալմասը նշել է, որ հայ–կիպրական համագործակցությունը ներառում է նաև պաշտպանական գնումներ։
«Պետք է ընդլայնել համատեղ զորավարժությունների ձևաչափը, ինչպես նաև ռազմակրթական ոլորտի համագործակցությունը»,– ասել է Պալմասը` գերազանց գնահատելով հայ–կիպրական հարաբերությունները։
Պալմասը նաև ընդգծել է, որ Կիպրոսի Հանրապետությունը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և սահմանների անձեռնմխելիությունը։
Կիպրոսի պաշտպանության ղեկավարը նաև շեշտել է, որ իրենք շարունակելու են աջակցություն ցուցաբերել ԵՄ–ի հետ համագործակցության շրջանակում Հայաստանի գործադրած ջանքերին, որպեսզի դրանք ավելի սերտ լինեն։