Նախօրեին Իրանը լայնածավալ օդային գործողություն է իրականացրել՝ 200 բալիստիկ հրթիռներ արձակելով Իսրայելի ուղղությամբ:
Այս մասին տեղեկություններ և տեսանյութեր են տարածել ինչպես իրանական, այնպես էլ իսրայելական աղբյուրները։
Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ «իր գործողությամբ Իրանն Իսրայելի մի շարք հանցագործությունների վրեժն է լուծել»։ Նա նշել է, որ թիրախավորվել է 3 հիմնական ավիաբազա, ինչպես նաև տանկերի, զրահամեքենաների տեղակայման վայրերը։ Բաղերին հայտարարել է, որ «վերջին երկու ամիսները շատ ծանր էին Իրանի ժողովրդի ու դիմադրության առանցքի համար, քանի որ Իսմայիլ Հանիեի սպանությունից ԱՄՆ-ն ու Եվրոպան զսպվածության կոչեր էին անում, որպեսզի Գազայում հրադադար հաստատեն, սակայն արդյունքում ԱՄՆ աջակցությամբ ու կանաչ լույսով Իսրայելը գործողություն սկսեց Լիբանանի դեմ, և իրավիճակն այլևս հանդուրժելի չէր»։
Բաղերին նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան չվերահսկեն Իսրայելին, և Իսրայելը շարունակի իր հանցագործությունները և կամ Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ գործողություններ ձեռնարկի, Թեհրանը բազմապատիկ ավելի կկրկնի գիշերվա գործողությունները և կթիրախավորի Իսրայելի բոլոր ենթակառուցվածքները։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն վերջ կդնի իր նախկին գործելաոճին և կկանգնեցի Իսրայելին։
Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պաշտոնապես հաստատել է հարձակման փաստը և հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ իրականացվել են արդյունավետ հակաօդային գործողություններ և ոչ մի վնաս չի հասցվել ռազմաօդային ուժերի մարտունակությանը, ինքնաթիռներին կամ պաշտպանական համակարգերին։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարության մեջ նաև նշվում է. «Իրանը Մերձավոր Արևելքը մղում է դեպի էսկալացիա, գիշերվա իրադարձությունները հետևանքներ կունենան. Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք Իսրայելի քաղաքացիների անվտանգությունը»։
Իրանագետ Ժաննա Վարդանյանը Region Monitor-ի հետ զրույցում, մեկնաբանելով տարածաշրջանային վերջին իրադարձությունները ասում է.
«Իրանը միշտ առաջնորդվել է պատերազմից խուսափելու սկզբունքով, և այդ քաղաքականությունը հստակ դրսևորվել է նաև վերջին մեկ տարվա ընթացքում: Իսրայելն, ընդհակառակը, ամեն անգամ ավելի է լարել իրադրությունը և հատել նոր կարմիր գծեր: Այդ պայմաններում Իրանն իր հեղինակությունը փրկելու համար ստիպված է եղել արձագանքել: Այդպես եղավ ընթացիկ տարվա ապրիլին, երբ Իսրայելը հարվածներ էր հասցրել Սիրիայում Իրանի դեսպանատանը, ինչին ի պատասխան Իրանն առաջին անգամ իր տարածքից հարվածներ հասցրեց Իսրայելին: Թեհրանն այդ ժամանակ ավելի շատ շեշտը դրել էր պատասխանի քարոզչական բաղադրիչի վրա՝ ցույց տալու, որ իր դեմ գործողություններն անպատասխան չեն մնում: Իրանի համար նոր մարտահրավեր էր Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը, ինչին ևս Իրանը ստիպված էր արձագանքել: Չնայած Իսլամական հանրապետության հեղինակությանը հասցված վնասին՝ պատասխանն Իրանը ձգձգեց երկու ամիս, քանի որ Արևմուտքը Իրանի զսպվածության դիմաց Գազայում հրադադար էր խոստացել: Արդյունքում ոչ միայն հրադադար չհաստատվեց, այլև Թել Ավիվը «Հեզբոլլահի» դեմ գործողություններ սկսեց: Այս պայմաններում Իրանի արձագանքի բացակայությունը լիովին կհեղինակազրկեր այդ երկրին՝ ազդակ հղելով հակառակորդներին, որ Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կարող են իրականացնել : Բայց մյուս կողմից, այս գործողության իրականացմանը զուգահեռ Թեհրանը շարունակում է զգուշավորություն դրսևորել: Պատահական չէ, որ գործողությունից անմիջապես հետո Իրանից հայտարարում են, որ սահմանափակվում են դրանով: Իրավիճակն այժմ կախված է Իսրայելի գործողություններից, իսկ Թել Ավիվն էլ պարբերաբար միայն բարձրացրել է խաղադրույքները, և ի վերջո կարող է ձևավորվել մի իրավիճակ, երբ Իրանն այլևս զսպվածության հնարավորություն չունենա»:
Նշենք, որ ավելի վաղ, արևմտյան լրատվամիջոցներ, այդ թվում Associated Press-ը և NBC News-ը, վկայակոչելով Սպիտակ տան և Պենտագոնի աղբյուրներին, հայտնել էին, որ Իրանը պատրաստվում է բալիստիկ հրթիռային հարձակման՝ ի պատասխան Լիբանանում «Հըզբոլլահ»-ի դեմ Իսրայելի գործողությունների: