Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իտալական Sky հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը միանշանակ եվրոպամետ է։ Նրա խոսքով, Վրաստանի Սահմանադրությունը որպես երկրի արտաքին քաղաքականության գերակայություն սահմանում է, որ յուրաքանչյուր կառավարություն պետք է աջակցի Վրաստանի եվրաինտեգրմանը։
Վրաստանի կառավարության ղեկավարը ԵՄ-ի հետ հարաբերությունները մեկնաբանել է նաև այսպես կոչված «ռուսական օրենքների» լուսանցքից՝ նշելով, որ եթե որևէ մեկն իրենց վստահեցնում է, որ «Թափանցիկության մասին» օրենքը կամ որևէ այլ օրենքը չի համապատասխանում իրավական սկզբունքներին կամ եվրոպական ոգուն, ապա իրենք պատրաստ են վերանայել ցանկացած համապատասխան որոշում, բայց դա պահանջում է անկեղծ քննարկում։
Անդրադառնալով երկրի արտաքին քաղաքական կուրսը փոխելու մեղադրանքների թեմային՝ վարչապետը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Թբիլիսիի ու Մոսկվայի հարաբերությունները սահմանափակվում են հումանիտար և տնտեսական հարցերով։