Իրանում ձերբակալել են Թեհրանի Իսլամական Ազատ համալսարանի ուսանողուհուն այն բանից հետո, երբ վերջինս մասամբ մերկացել է համալսարանական կամպուսում՝ իր բողոքն արտահայտելով խիստ հագուկապի կանոնների դեմ։ Համալսարանի ներկայացուցիչ Ամիր Մահջուբը հայտնել է, որ «մերկ» ուսանողը ձերբակալվել է:
X ցանցով տարածված տեսանյութը, որը նկարահանել են համալսարանի այլ ուսանողներ, գրավել է հանրության ուշադրությունը: Շատերն աղջկան ծափահարել են «քաջության» և «արիության» համար։
Աղջկա ինքնության մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Ուսանողական Amir Kabir ալիքի փոխանցմամբ՝ ձերբակալության ժամանակ աղջկան դաժան ծեծի են ենթարկել, այդ թվում՝ գլխով հարվածել են մեքենայի դռանը, իսկ անվադողերի վրա արյուն են նկատել։
X-ի գրառման մեջ Amnesty Iran-ը պահանջել է նրան անհապաղ և անվերապահ ազատ արձակել: