Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է պաշտոնանկությունների լուրերը։
«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։
Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։
Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար»,-Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Փաշինյանը։
Նշենք, որ նոյեմբերի 17-ի երեկոյան մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Նոյեմբերի 18-ին հրաժարականի մասին է հայտարարել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հաստատել են, որ ազատման դիմում է գրել Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, իսկ Հայաստանի քննչական կոմիտեից ոչ հաստատել, ոչ էլ հերքել են Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրաժարականի լուրը։