Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20 գագաթնաժողովում առաջարկելու է սառեցնել Ուկրաինայում հակամարտությունը ներկայիս ճակատային գծի երկայնքով: Այս մասին կիրակի օրը հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների փոխանցմամբ, Թուրքիայի ղեկավարն իր ծրագիրը կներկայացնելու է նոյեմբերի 18-ին G20-ի ղեկավարների հանդիպմանը։ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկելու է նաև առնվազն 10 տարով հետաձգել ՆԱՏՕ-ին անդամակցելու քննարկումը։ Բացի այդ, ըստ թուրքական կողմի՝ Դոնբասի արևելյան հատվածում պետք է նախատեսվի ապառազմականացված գոտու ստեղծում և այնտեղ «միջազգային ռազմական ուժերի» տեղակայում։
Թուրք պաշտոնյաները դա համարում են հակամարտության կարգավորման ամենաիրատեսական ճանապարհը, թեև ընդունում են, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ընդունել նման առաջարկը։
G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Բրազիլիայում նոյեմբերի 18-ից 19-ը։