Իտալիան ավելի քան 10 տարի դադարից հետո դեսպան է ուղարկել Դամասկոս։ Դիվանագիտական առաքելությունը կղեկավարի Ստեֆանո Ռավանյանը, ով ավելի վաղ զբաղեցրել էր Իտալիայի արտաքին գործերի նախարարությունում սիրիական ճգնաժամի հարցով հատուկ հանձնակատարի պաշտոնը։ Այս մասին Х միկրոբլոգում հայտնել է Իտալիայի ԱԳՆ-ը։
«Մեծ խանդավառությամբ սկսում եմ իմ աշխատանքը Դամասկոսում՝ գիտակցելով ճգնաժամի խորությունը և այն ներդրումը, որ կարող է ունենալ Իտալիան»,-հայտարարել է Ռավանյանը։
Դամասկոսում Իտալիայի դեսպանատունը տարհանվել էր 2012 թվականին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր Իտալիայի արտգործնախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին, իրականում դիվանագիտական ներկայացուցչությունը երբեք չի փակվել, այնտեղ պարզապես դիվանագետներ չեն եղել, իսկ գործերի ժամանակավոր հավատարմատարը գտնվում էր Բեյրութում։