«Վրացական երազանքը» ներկայացրել է նախագահի իր թեկնածուին՝ նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Ղավելաշվիլիին։
«Ուրախ եմ հայտարարել, որ կուսակցության քաղխորհրդի որոշման համաձայն՝ Միխեիլ Ղավելաշվիլիի թեկնածությունը առաջադրում եմ Վրաստանի նախագահի պաշտոնում»,-կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։
Նրա խոսքով, Ղավելաշվիլին, երբ խորհրդարանի անդամ էր, «հսկայական ներդրում է ունեցել երկրի շահերի պաշտպանության և ինքնիշխանության ամրապնդման գործում»։
Նշենք, որ նոյեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանը հաստատեց, որ նախագահական ընտրությունները կլինեն դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Վրաստանի նախագահն առաջին անգամ չի ընտրվի համընդհանուր և համաժողովրդական քվեարկությամբ։ Պետության ղեկավարին ընտրելու է ընտրողների 300 հոգանոց հանձնաժողովը։
Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բացառության կարգով ընտրվել է 6 տարի ժամկետով 2018 թվականին՝ քաղաքացիների ուղղակի քվեարկությամբ։ Նախագահին այսուհետ կընտրեն հինգ տարի ժամկետով։