Հայաստանոււմ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը նկատելիորեն նվազել է

626

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի վիճակագրությանը։ Վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում հետևյալ գրառումն է կատարել․

«Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից: Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի: Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին»:

Վարչաետը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում ապրիլի 8-ին գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսի պատճառով մահվան 9-րդ դեպքը։  «Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաև քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ»,- նշել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի կանխարգելման նպատակով ՀՀ կառավարությունը երկրում մեկամսյա արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է ՀՀ ողջ տարածքում՝ 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։